Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստումն հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին:
Նշվում է, որ ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝
27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125,
8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775,
24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022 (այսուհետ՝ Ծրագիր):
Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է Ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո:
Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը՝ 236 մլն եվրո արժողությամբ:
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա` կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։
Ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները ներառում են.
ասֆալտբետոնե պատվածքով 11.1մ լայնությամբ (այդ թվում՝ նաև ամրացված կողնակներ), 3 երթևեկելի գոտիներով (3.30մ) ճանապարհի կառուցում,
5 թունելների, 11 կամուրջների, 68 հեղեղատների, 43 հենապատերի կառուցում,
անվտանգ երթևեկությունն ապահովող այլ աշխատանքների իրականացում:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը: