Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի դեպքում յուրաքանչյուր շահառուի կտրվի հավելյալ 5 մլն դրամ, իսկ այդ բնակավայրերում արդեն վարկավորվածներին` ևս մինչև 5 մլն դրամի հիփոթեք` վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման համար։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ գերատեսչության կողմից այս պահին հաստատվել են ավելի քան 1 330 շահառուների հայտեր, որոնք ցանկանում են մասնակցել սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման աջակցության ծրագրին։
1 330 շահառուներից միայն 1080–ը գրանցվել են 2024 թվականին, ու սա այն դեպքում, երբ ՀՀ իշխանություններն այս տարվա համար կանխատեսել էին ունենալ միայն 550 հայտ։
«Տավուշի մարզում հաստատվել է 809 հայտ, Սյունիքում` 167, Վայոց Ձորում` 167, Գեղարքունիքում` 85, Արարատի մարզում` 106։ 850 շահառուի հիփոթեքային վարկավորման պայմանագրերով արդեն իսկ տրվել են վարկեր, մյուսների գործերը տարբեր փուլերում են գտնվում»,– ասաց նախարարը։
Վերջինիս խոսքով՝ 2024 թ ապրիլի 1–ի դրությամբ 603 ընտանիքի դեպքում ուսումնասիրություն է կատարվել և պարզվել, որ 292 շահառու ամուսինների ընդհանուր գումարային տարիքը գերազանցում է 80–ը։ Նրանցից 137–ը չունեն երեխա, շահառուներից 107–ը քաղաքաբնակ են, որոնցից միայն 32–ն են հաշվառված եղել Երևանում, իսկ 496–ը գյուղաբնակ են։
Ըստ Մկրտչյանի այժմ փոփոխություններ են կատարել գործող ծրագրում և սահմանել, որ ամուսիների տարիքային հանրագումարի առավելագույն շեմը պետք է լինի 75 տարին, կամ տարեքային շեմը գերազանցելու դեպքում նրանք պարտադիր պետք է ունենան առնվազը մեկ անչափահաս երեխա։
Բացի այդ, նախարարը նշեց` ՀՀ քաղաքացիություն ունենալն արդեն պարտադիր է ընտանիքի բոլոր անդամների դեպքում։
Փոփոխությունների համաձայն` միայնակ ծնողը ևս դառնում է շահառու։
Նախարարը նշեց, որ այս փոփոխությունները կիրառելի են 2024 թ. օգոստոսի 1–ից։
Նա նաև խնդրեց ՀՀ կառավարությանը 2000 հայտը լրանալու դեպքում դադար վերցնել, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն հետագա փոփոխությունների կամ լավարկումների համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծեց, որ այս նախագիծն իրականում «16 մլն դրամ ծրագրի» մասին է, որը ձևակերպվում է որպես հիփոթեքային վարկ, որը, սակայն, վճարելու է կառավարությունը։
Նա ընդգծեց, որ վերանորոգման վարկավորումը վերաբերելու է միայն Տավուշի վերոնշյալ 4 բնակավայրերում 2024 թ. հունիսի 1–ից հետո հաշվառված անձանց։