Արցախը կունենա գերժամանակակից մետաղամշակման, վերանորոգման և ուսումնական արտադրամաս

Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում 200 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը նպատակ ունի հոգալու հասարակության ու տնտեսության կարիքները, ինչպես նաև խթանել աշակերտների և ուսանողների շրջանում տեխնիկական և արհեստագործական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն Աբրահամ Գասպարյանի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի փոխանցմամբ՝ Արտակ Բեգլարյանն արժևորել է Արցախի  կառավարության և «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի հետ ունեցած համագործակցության փորձը՝ հայտարարելով տնտեսական և ուսումնական նշանակության նոր նախաձեռնության մասին:

Պետական նախարարը նշել է, որ նախատեսվում է Արցախում ստեղծել գերժամանակակից խառատային և գործիքաշինական հաստոցներով հագեցած մետաղամշակման, վերանորոգման և ուսումնական մեկ ընդհանուր արտադրամաս:

«Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում 200 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագիրը նպատակ ունի հոգալու հասարակության ու տնտեսության կարիքները, ինչպես նաև խթանել աշակերտների և ուսանողների շրջանում տեխնիկական և արհեստագործական մասնագիտությունների հանդեպ հետաքրքրությունը»,-նշել է նախարարը։

Վերջինիս խոսքով՝ այն պահանջված ներդրում է Արցախում և վառ օրինակ է բարեգործական ու բիզնես ներդրման՝ հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան մարտահրավերներն ու առաջնահերթությունները։

Ծրագրի առանձին մանրամասները քննարկելուց հետո՝ Արտակ Բեգլարյանն ու Աբրահամ Գասպարյանը ստորագրել են Արցախի Հանրապետության կառավարության, «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն հիմնադրամի և «Էկոպրոֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համագործակցության եռակողմ հուշագիր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print