Կանխատեսվում է պարենի, նավթի ու պղնձի գնիջեցում

Անդրադառնալով համաշխարհային տնտեսության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է դիտարկել ՀՀ տնտեսության համար կարևորագույն ցուցանիշի` պղնձի համաշխարհային գները։

Համաշխարհային տնտեսական կանխատեսումները 2023թ–ի համար ավելի զգուշավոր են դարձել։ Այս մասին այսօր ԱԺ-ում, 2023թ-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ անդրադառնալով համաշխարհային տնտեսության ոչ լավատեսական կանխատեսումներին և դրանց ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա, Տիգրան Խաչատրյանն առաջարկել է դիտարկել ՀՀ տնտեսության համար կարևորագույն ցուցանիշի` պղնձի համաշխարհային գները։ Իսկ դրանք այսօր անկման միտում ունեն։

«Եթե 2021թ-ին պղնձի միջին տարեկան գինը 9300 դոլար է կազմել, այսօր` 8900, իսկ 2023թ–ի համար առավելագույն արժեքը կանխատեսվում է 8000 դոլարից ոչ ավելի։ Մոլիբդենի գները, ըստ կանխատեսումների, հաջորդ տարի կպահպանվեն 2022թ-ի մակարդակում»,- նշել է նախարարը։

Խաչատրյանի խոսքով պարենի համաշխարհային գների աճն այս տարվա վերջին 14 տոկոս է կանխատեսվում, հաջորդ տարվա համար` 5.8 տոկոսի նվազում։

Որոշակի նվազում է կանխատեսվում նաև նավթի համաշխարհային գներում։ Եթե այս տարի 1 բարելի միջին տարեկան արժեքը 102 դոլար է, ապա 2023-ին կանխատեսվում է, որ այն կլիմի 90 դոլարի սահմաններում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, այս տարի ՀՀ-ում կանխատեսվում է 11 տոկոսի բարձր տնտեսական աճ` ծրագրված 7 տոկոսի փոխարեն։ Բայց հաշվի առնելով համաշխարհային միտումները` կառավարությունը չի շտապում բարձրացնել հաջորդ տարվա տնտեսական աճի նշաձողը։ Ռիսկերն ու անորոշությունները հաշվի առնելով` կառավարությունը 2023թ–ի բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցաիշը ևս թողել է թիրախային 7 տոկոսի սահմաններում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print