Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունվել է մի որոշում, որն առնվազն 5 տարվա պատմություն ունի: Հինգ տարի քննարկում ենք այդ որոշումը, և ի վերջո եկանք այն եզրակացության, որ գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից: Այդ մասին Կառավարության հուլիսի 4-ի նիստին ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խանութում վաճառվում է թթվասեր, բայց պարզ չէ, թե այս ապրանքն ինչից է բաղկացած: Ըստ նրա՝ «Թթվասեր» մակնշմամբ ապրանքների մի մասի մեջ կա՛մ կաթը շատ քիչ է, կա՛մ առնվազն շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվում:
«Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», հաջորդ պահին կարող ենք գալ այն եզրակացության, որ մսից էլ կարելի է պատրաստել ապրանք, և վրան գրել «Թթվասեր», ի՞նչն է խանգարում, եթե թթվասերը շատ լայն հասկացություն է»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ քննարկումների ժամանակ դիմադրության ալիքն այն բանի համար էր, որ եթե սահմանվի՝ թթվասերը պետք է լինի կաթից, ապա թթվասերի գները կբարձրանան:
Եզրակացությունը հետևյալն է. «Կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք, և այդ կաթնամթերքի վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ, որ այս թթվասերը կաթից պատրաստված թթվասեր է, իսկ մյուսը պետք է լինի ուրիշ գույնով, որ մարդն իմանա, որ այս թթվասերի մեջ գուցե կաթ կա, բայց ամբողջը կաթից չէ: Խանութում պետք է դրված լինեն տարբեր դարակաշարերում»:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ այս պարագայում երկու իրավիճակ կա. «Առաջինը պարտադիր է, այսինքն՝ եթե կաթնային յուղի փոխարինիչով է պատրաստված, պետք է նարնջագույն դարակաշարում ցուցադրված լինի, իսկ եթե կաթնային յուղով է, ոչ փոխարինիչով, ապա՝ կանաչ դարակաշարում»:
Վարչապետն արձագանքեց՝ շուկայում արդեն կան առնվազն 1-2 ապրաքատեսակներ, որոնք պատրաստվում են միայն կաթից, ապա ընդգծեց. «Կառավարության ծրագրերի շնորհիվ է, որ շուկայում հայտնվել է կաթնամթերք միայն կաթից»: