ՀՀ–ում QR կոդի միջոցով կպարզվի` մսամթերքը տեղական է, թե ներկրված

ՀՀ–ում քաղաքացիները մսամթերք գնելիս արդեն հստակ կիմանան` այն ներկրված է, թե տեղական։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծով կարգավորում են կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացումը։

«Մսամթերք գնելիս արդեն տեսանելի վայրում հնարավոր կլինի տեսնել մի փաստաթուղթ, որի վրա գրված կլինի QR կոդ, և դրա միջոցով հնարավոր կլինի իմանալ` դա ներմուծված մսամթերք է, թե ՀՀ–ում է արտադրված, երբ է սպանդը եղել, որ արտադրողի մոտ, ինչ կենդանի է և այլն»,– ասաց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ մարզեր կատարած այցերի արդյունքներով սպանդանոցների հարցով կառավարությունը պետք է կարգավորումներում որոշակի փոփոխություններ մտցնի։

«Ժամանակին ընդունել ենք շարժական սպանդանոցների մասին որոշում, ու ես պարզեցի, որ ՀՀ մարզերում արդեն իսկ կան նման սպանդանոցներ։ Առաջիկայում կհասկանանք, թե ինչպես խթանենք այդ գործընթացը, քանի որ գյուղացիներից շատերը դեռ չգիտեն` դա ինչ է»,– ասաց նա։

Ըստ վարչապետի` այստեղ խնդիրն այն է, որ այդ շարժական սպանդանոցներ հիմնականում պետք է սպասարկեն հեռավոր գյուղերը, ինչը դեռ շատ թերի է։

«Բացի այդ, երկիրը կարող կանգնել նույն տեղում ու թույլ տա, որ ասֆալտի վրա խոզուկի կամ կովի, գառան, ոչխարի միս մորթեն, վաճառեն։ Պետք է հետևողականորեն առաջ գնանք այս հարցում»,– նշեց Փաշինյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print