Հունիսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հունիսի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 28-ին հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել այդ արարքը կատարած Արա Մ․-ի և Մուշեղ Գ․-ի նկատմամբ, իսկ հունիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են, հաղորդում է Shamshyan.com-ը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 24-ին Մուշեղ Գ․-ն և Արա Մ․-ն Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցի բնակարաններից մեկում Ռուբեն Հ․-ին ապօրինի ազատությունից զրկելուց և ֆիզիկական ցավ պատճառելուց բացի նույն ժամանակահատվածում սափրել են Ռուբեն Հ․-ի գլուխը, ստիպել են, որ մերկանա և ատամի խոզանակով մաքրի զուգարանը, միաժամանակ նրան կրկին ծեծի ենթարկել, որից հետո ստիպել են զուգարանը մաքրած խոզանակը քսի իր ատամներին։
Այդ կերպ Ռուբեն Հ․-ին պատճառելով նաև ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են դեպքի վայրը, հայտնաբերել Մուշեղ Գ․-ին և Արա Մ․-ին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ քննիչը նրանց 2 ամսով կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել է:
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև այդ ամենը հաստատող տեսանյութը։