ԵՄ-ն կսառեցնի Վրաստանի ՊՆ-ին փոխանցվելիք 30 մլն եվրոն

Եվրամիության առաջնորդները որոշել են սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր փոխանցել Վրաստանի Պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Ինչ վերաբերում է ԵՄ-ի և Վրաստանի միջև անվտանգության և պաշտպանության համագործակցությանը, ստիպված ենք ցավով տեղեկացնել, որ առաջնորդները որոշել են սառեցնել այն գումարները, որ «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» վճարում էինք Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար:

Այս պահին սառեցված է 30 միլիոն եվրոյի չափով գումար, որը մենք նախատեսում էինք փոխանցել Վրաստանի Պաշտպանության նախարարությանը։ Սա միայն առաջին քայլն է, կլինեն այլ քայլեր ևս։ Մեր անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանը սահմանափակվելու է»,- ասել է դեսպանը։ Նա նշել է, որ փորձելու են ուղղակի աջակցությունը հասցնել հանրությանը, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին։

«Մեր անմիջական աջակցությունը Վրաստանի կառավարությանն աստիճանաբար կկրճատվի և ուղղված կլինի քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին աջակցելուն»,- ասել է Գերչինսկին։

Ավելի վաղ դիվանագետը հայտարարել էր, որ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը ներկայում կասեցված է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print