Թաթոյանի կարծիքով խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է լինի միայն հայկական կողմի ու հայերի իրավունքների ոտնահարման հաշվին։
Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը
Այցի նպատակն է ուսումնասիրելու ներկա վիճակը և արձանագրելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։
«Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը»,-նշում է Թաթոյանը՝ հավելելով․ «Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին»։
Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։
«Այո, խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին»,-նշվում է հաղորդագրությունում։