Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ օրակարգային հարցերը վերաբերում էին տարածաշրջանային համագործակցությանը. երկու երկրների միջև համագործակցության զարգացման շատ հնարավորություններ կան։ Տեղեկությունը փոխանցում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իրանական MiranPress-ին։
ՀՀ վարչապետը նշել է, որ ընդունում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ Իրանի սկզբունքային տեսակետները։ Նրա խոսքով` Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լինել տարբեր կրոնների հետևորդների միջև խաղաղ համագործակցության և համակեցության հստակ խորհրդանիշ:
«Ես Ռայիսիին տեղեկատվություն եմ տրամադրել Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, և համաձայն եմ Իրանի նախագահի կարծիքի հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը։
Նա նաև հավելել է, որ Իրանի իշխանությունները պետք է տեղյակ լինեն այն հարցերի մասին, որոնք քննարկում են բանակցություններում, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով։