Դավիթ Չալոյանը` Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր

Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կլինի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա հուլիսի 26-ին:

Հայաստանն Օլիմպիական խաղերում կներկայացնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանն այսօր մեկնել է Փարիզ, որտեղ հուլիսի 17-ին կմասնակցի օլիմպիական ջահի փոխանցումավազքին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print