Սիսիանում շարունակվում է քաղաքական խառնաշփոթը

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, նոյեմբերի 1-ին կայացած արտահերթ նիստում որոշում կայացրեց ուժը կորցրած ճանաչել Սիսիանի համայնքի ավագանու «Մեկ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Հրանտ Առաքելյանի, ինչպես նաեւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրացուցակի 5 թեկնածուի գրանցումը, տեղեկությունը փոխանցում է Aravot.am-ը։

Այսպիսով, Սիսիանի համայնքի ավագանու անդամի մանդատներ ունեցող «Մեկ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 37, «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի 38 ու «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի ընտրացուցակի 57 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։

Այդ ուժերի ընտրական ցուցակներում այս պահին ավագանու անդամի մանդատ ստացածներն են․ «Ապրելու երկիր»՝ 4, «Մեկ Հայաստան»՝ 2, «Աշխատանք եւ Արդարություն»՝ 5 ներկայացուցիչ։

Նշենք, որ վերջիններս, հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստից հետո, որտեղ համայնքի ղեկավար էր ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, հայտարարել էին մանդատներից հրաժարվելու մասին։

Նորընտիր համայնքապետին այդպես էլ չհաջողվեց ստանձնել պաշտոնը, քանզի ավագանու երկու նիստերը չկայացան քվորում չլինելու պատճառով։

Հիշեցնենք՝ Սիսիանի համայնքի ավագանու անդամի 21 մանդատից 8-ը ստացել էր «Քաղաքացիական պայմանագիրը», 5 մանդատ՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4 մանդատ՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ՝ «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։ Մանդատներից հրաժարվող քաղաքական ուժերի ավագանու անդամները, ըստ գործող կարգի, բացարկի մասին դիմում պիտի ներկայացնեն համայնքի ղեկավարին, որն էլ այդ մասին պետք է պաշտոնապես տեղեկացնի համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների՝ առաջիկա օրերին Սիսիանի ավագանու «Ապրելու երկրի» 4 , «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքի 5, «Մեկ Հայաստանի» 2 անդամները ինքնաբացարկի դիմումներ կներկայացնեն համայնքապետարան։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print