«Հայոց պատմություն» առարկայի ժամաքանակի կրճատում չի նախատեսվում։ Այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հնարավոր փոփոխությունների մասին հարցին։
«Ժամերի կրճատում նախատեսված չէ։ Հասկանում եմ, որ նման խոսակցություններն անվերջ են, և մենք չենք հոգնի ասել, որ նման բան չկա»,- հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով՝ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև դպրոցական առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայմանը։
Ինչ վերաբերում է 8-րդ և 10-րդ դասարանների առարկայական դասագրքերին, նախարարն ընդգծեց, որ մրցույթների արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում: Դրանց հաջող ավարտի դեպքում նոր դասագրքերը կհրատարակվեն մինչև սեպտեմբեր։
Նախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը կազմվել էր պետական նոր չափորոշիչների հիման վրա։