Ռուսաստանի կառավարությունը հուլիսի 1-ին հրաման է արձակել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին: Թե ինչպես է ընթանում գործընթացը և ինչ խնդիրներ պետք է լուծեն ռուս դիվանագետները, Sputnik Արմենիային պատմել է Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
– Սերգեյ Պավլովիչ, սկզբի համար պարզաբանենք՝ ինչով է պայմանավորված Հայաստանի հարավում դիվանագիտական հաստատություն բացելու նախաձեռնությունը։
– Հայկական կողմը, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում, ի սկզբանե ողջունել է Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրությունը՝ այն բնութագրելով որպես վաղուց հասունացած և պահանջված։ Այս պահին մենք միասնական ջանքերով զգալի առաջընթաց ենք գրանցել այն բացելու հարցում։ Առաջ անցնելով՝ կցանկանայի նշել, որ հայկական կողմի ցանկություններին համապատասխան՝ Ռուսաստանի կառավարության որոշմամբ նախատեսվում է պարզեցված սխեմայով գլխավոր հյուպատոսության բացում ՝ առանց մեր պրակտիկայում ընդունված համաձայնագրի կնքման, որն արվում է նոտաների փոխանակման միջոցով։
Մենք այժմ հետագա քայլեր ենք ակնկալում նաև հայ գործընկերներից՝ հաշվի առնելով դիվանագիտական պրակտիկայում ընդունված հավասարության և փոխադարձության սկզբունքը։ Ինչպես հայտնի է, Հայաստանում մենք ունենք մեկ գլխավոր հյուպատոսություն՝ Գյումրիում, այն դեպքում, երբ մեր գործընկերները հյուպատոսական ներկայացուցչություններ ունեն Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում՝ չհաշված երկու գրասենյակները Նովոսիբիրսկում և Վլադիկավկազում, ինչպես նաև վեց պատվավոր հյուպատոսները Վոլգոգրադում, Կալինինգրադում, Պերեսլավ-Զալեսկում, Նիժնի Նովգորոդում, Տյումենում, Եկատերինբուրգում։
Ռուսաստանը տրամադրված է ակտիվորեն ընդլայնել դիվանագիտական ներկայությունը բարեկամ երկրներում և բացել նոր դիվանագիտական և հյուպատոսական առաքելություններ այն պետություններում, որոնք տեղակայված են Ռուսաստանի համար առանցքային տարածաշրջաններում (արտաքին քաղաքականության նոր հայեցակարգին համապատասխան): Նման պետությունների թվում է, իհարկե, նաև Հայաստանը։
– Այժմ ի՞նչ փուլում է հյուպատոսություն բացելու աշխատանքը։
– Այնտեղ արդեն անցյալ տարվանից աշխատում է Ռուսաստանի ԱԳՆ-ի առաջատար խումբը՝ գլխավոր հյուպատոսություն բացելու համար։ Դրա կազմում ընդգրկված դիվանագետներն աշխատանքային ամուր կապեր են հաստատել Սյունիքի մարզպետարանի և առանցքային քաղաքների քաղաքապետների, գիտական և կրթական շրջանակների, հասարակական կազմակերպությունների հետ: Տեղի բնակիչներն անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում խմբի կողմից անցկացվող մարդասիրական միջոցառումների նկատմամբ։
Դրանց թվում են երեխաներին նվերներ բաժանելը, դպրոցականների համար ռուսերեն շարադրությունների մրցույթը, արվեստի տեղական քոլեջում, երկրագիտական և պատմական թանգարաններում մշակութային ակցիաները, հյուպատոսական հարցերով բնակչության համար սեմինարները: Նման զգայուն տարածաշրջանում դիվանագիտական ներկայության ընդլայնումը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի նվազեցնել Հարավային Կովկասի կոնֆլիկտային ներուժը, որը պահպանվում և մշտապես սնվում է արտաքին խաղացողների կողմից:
Այս գործում մենք ունենք համախոհներ․ 2022 թ-ից այստեղ գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որի հետ աշխատանքային կապեր են հաստատվել, այդ թվում՝ Մոսկվա-Երևան-Թեհրան եռանկյունում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ-իրանական սահմանները հսկող ՌԴ սահմանապահների հետ միասին լրացուցիչ ներդրում կունենա հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման գործում:
– Իրանի հետ ԵԱՏՄ-ի մերձեցումը, որտեղ այժմ նախագահում է Հայաստանը, պետք է անդրադառնա Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ո՞ր ոլորտներում և ուղղություններով կարելի է ակնկալել առավել շոշափելի օգուտներ:
– Իսկապես, Սյունիքում ռուս դիվանագետների աշխատանքը կնպաստի մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ ձևաչափում: Սյունիքի մարզը «դարպաս» է Իրանի հետ Հայաստանի և միության առևտրի համար: Այստեղով է անցնում հանրապետության համար կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հատվածը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմն աջակցում է այդ մայրուղու կառուցմանը։
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գծով ֆինանսական աջակցության ծավալը կազմում է 150 մլն դոլար: Եվրասիական տարածաշրջանի տրանսպորտային համակարգի զարգացման գործում իր ներգրավվածության մասին հայտարարել է նաև Եվրասիական զարգացման բանկը: Տարածաշրջանում գործում են ռուսական ընկերություններ և տեղական մասնակցությամբ կառույցներ։
Կարծում եմ, որ լրացուցիչ խթան կհաղորդվի երկկողմ միջտարածաշրջանային համագործակցությանը և մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը: Տարածաշրջանում ապրում է մինչև 1000 ՌԴ քաղաքացի։ Գործում են ռուսաց լեզվի ուսումնասիրման մի շարք կենտրոններ։ Կապանում գործում է Ռուսական գրքի տուն։ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Երևանում կազմակերպել էր ռուսաց լեզվի դասընթացներ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի դասախոսների համար:
Ռուսաստանի մի շարք վարչական շրջանների կողմից ակտիվորեն մշակվում է Սյունիքի մարզի համայնքների հետ գործընկերային հարաբերությունների հաստատման նախաձեռնությունների շարք։ 2023 թ-ի հունիսի 16-ին Կապանում ստորագրվել են մտադրությունների մասին համապատասխան արձանագրություններ Ուրայ և Մեղրի, Սեստրորեցկ և Գորիս քաղաքների միջև։ Ընդհանուր առմամբ, ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքները բավականին շատ են։
– Սյունիքի նկատմամբ վերջին շրջանում անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում արևմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները։ Ամերիկացի պաշտոնյաների գրեթե յուրաքանչյուր այց ենթադրում է ուղևորություն Հայաստանի հարավային շրջաններ։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է տարբերությունը ռուսական մոտեցման և արևմտյան «գործընկերների» աշխատանքի մեթոդների միջև:
– Ի դեպ, ինչ էլ որ ասեն չարակամները, ռուս դիվանագետները հաստատ չեն պատրաստվում «լրտեսել» Սյունիքում՝ ի տարբերություն տարածաշրջանում հեռադիտակներով շրջելու արևմտյան սիրահարների։ Օրակարգում չկա նաև «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը նույնպես փորձում են վերագրել Մոսկվային։ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով, ինչպես հայտնի է, զբաղվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը։