Տարածաշրջանի հարցերը պետք է տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն. Ռայիսին՝ Փաշինյանին․ «Հրապարակ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվել է Սաադաբադ պալատ: Այստեղ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ողջունել է վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Մինչ բանակցությունների սկսվելը` Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին ստորագրել են Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացման հնարավորություններին: Մասնավորապես, ընդգծվել է այդ ծավալները տարեկան 3 մլրդ դոլարի հասցնելու անհրաժեշտությունը, ինչի համար, ըստ վարչապետ Փաշինյանի և Էբրահիմ Ռայիսիի, առկա է համապատասխան ներուժ:

Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է բեռնափոխադրումների դյուրացման համար համատեղ ծրագրերի իրականացումը, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Հանդիպումից հետո Հայաստանի և Իրանի առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print