Իրանի և Հայաստանի, որպես երկու հարևան երկրների, հարաբերությունները մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն, որոնք իրենց գագաթնակետին հասան 13-րդ կառավարության օրոք՝ երկու երկրների միջև ամենամեծ պայմանագրի ստորագրմամբ:
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական snn.irպարբերականին տված բացառիկ հարցազրույցում խոսել է այդ պայմանագրի մանրամասների և երկու երկրների այլ ձեռքբերումների մասին:
- Իրան-Հայաստան հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ պայմանավորված մեր երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։
- Լինելով Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանը մեզ հետ ունի 46 կիլոմետրանոց սահման, որն ամենաանվտանգ և կայուն սահմաններից մեկն է և կենսական դեր ունի տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում:
- Ենթակառուցվածքների և էներգետիկայի համատեղ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակման ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները:
- Իրանի և Հայաստանի հարաբերությունները մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն։
- Վերջին մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է էական առաջընթաց արձանագրել Իրան-Հայաստան հարաբերություններում։
- Անցած տարի մեզ հաջողվեց Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի կառավարության հետ կնքել ամենամեծ պայմանագիրը։ Այս պայմանագրով նախատեսվում է Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցում Հայաստանի հարավային հատվածում, որը գտնվում է Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղու վրա: Այս ճանապարհը նվազեցնում է ճանապարհորդության ժամանակը 1 ժամ 20 րոպեից մինչև 20 րոպե, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17 մետր, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության առումով: Մենք ունենք նաև այլ, ավելի փոքր համատեղ նախագծեր։
- Առևտրի ոլորտում մեզ հաջողվել է Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի։
- Հայաստանն իր 3 միլիոնանոց բնակչությամբ Եվրասիական միության անդամ է, ինչն այդ երկիրը դարձրել է 200 միլիոնանոց եվրասիական շուկայի հարթակ։
- Տարեկան 360 միլիոն խ/մ գազ ենք արտահանում Հայաստան, իսկ փոխարենը էլեկտրաէներգիա ենք ներկրում։ Մեզ հաջողվել է գրեթե եզրափակիչ փուլ հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, և կկարողանանք կրկնապատկել Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումն ու գազի արտահանումը:
- Ամեն օր Իրանի և Հայաստանի միջով երթևեկում է 400 բեռնատար:
- Կրթության ոլորտում մեր մեծ ձեռքբերումներից մեկը Հայաստանում պարսկերենի առաջխաղացումն էր։ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ այդ երկրի դպրոցականները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է: 19 դպրոց կա, որտեղ պարսկերեն են դասավանդում, և 3000 աշակերտ սովորում է այն։ Մենք տրամադրեցինք անհրաժեշտ գրքերը, ինչպես նաև Հայաստան ուղարկեցինք պարսկերենի ուսուցիչների։
- Հարավային Հայաստանը, որպես ռազմավարական տարածաշրջան, կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը շատ կարևոր է։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը միանգամայն պարզ է։ Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը ու տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։ Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը բխում են Իրանի շահերից, և մենք պատրաստ ենք օգնել այդ ուղղությամբ։
- Իրանն առաջարկել է «3+3» ձևաչափը, և նրա առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն էր: Այս հարթակի արտգործնախարարների հանդիպումն առաջին անգամ տեղի է ունեցել Թեհրանում, հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում՝ Թուրքիայում: