Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Քաջարանում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը կազմակերպել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ՝ մարզպետը շեշտեց այն առանձնահատուկ դերն ու նշանակությունը, որ ունի հանքարդյունաբերությունը Սյունիքում։
«Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ են իրականացվում հանքարդյունաբերության հսկայի ու մարզպետի աշխատակազմի, համայնքների համագործակցությամբ, որի արդյունքները տեսանելի են բնակիչների կյանքում։
Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ թե՛ ՓԲԸ-ի ղեկավարությանը, թե՛ այն մարդկանց, որոնք իրենց տքնաջան աշխատանքով տնտեսական ազդեցություն ունեն մեր պետության կյանքի վրա», – նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Հանդիսությանը ներկա էին «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, ԶՊՄԿ-ի ղեկավար կազմը, մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր։
Ներկաներին շնորհավորեցին նաև Ռոման Խուդոլին (նա ներկայացրեց ԶՊՄԿ-ի վերջին տարվա աշխատանքային ցուցանիշներն ու առաջիկա զարգացման տեսլականը ևս), Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
Օրվա առիթով կոմբինատի 22 աշխատակիցներ պարգևատրվեցին ընթացիկ տարվա ձեռքբերումների համար։