Փոփոխություն տնօրենի հավաստագրման ընթացակարգերում

ԿԳՄՍՆ-ի ներկայացրած նոր նախագծով նախատեսվում է դպրոցի տնօրենի հավաստագրման ընթացակարգերից հանել հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանձնաժողովի ձևավորման կարգերում փոփոխություն կատարելու մասին նախագծերը, տեղեկությունը փոխանցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի N 395-Ն և 396-Ն հրամանները և հավելվածները:

Ներկայում գործող կարգով պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել միայն վերապատրաստում անցած  անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հանրային քննարկման դրված նախագծերի համաձայն՝ հավաստագրի ձեռքբերման համար վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է: Նախատեսվում է փոփոխություն իրականացնել նաև քննության անցկացման գործընթացում՝ սահմանելով միայն թեստավորման փուլ. հարցազրույցի փուլը հանվել է:

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ այս բարեփոխումների արդյունքում տնօրենի թեկնածուի համար հավաստագրման գործընթացն անհրաժեշտ է դառնում միայն առաջին անգամ դիմող հավակնորդների համար:

Նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ՝ գործող տնօրենները զարգացման ծրագրի կատարողականի արդյունքով կարող են համարվել ատեստավորված, որը հիմք կհանդիսանա, որ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգվի ևս 5 տարով:

Ընդունվելու դեպքում նոր կարգերն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարից:

Շահագրգիռ կառույցներն ու անձինք նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 6-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print