Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են․ Փաշինյան

Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նշելով, որ օգոստոս-հոկտեմբերին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են, հաղորդում է Sputnik Արմենիան։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում այն, որ այս տարի և՛ հեռախոսազրույց, և՛ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ

«Սա չափազանց կարևոր է։ Եթե դուք հարցնեք` իրադրության որևէ փոփոխություն ունենք, թե ոչ, ես կարծում եմ, որ ունենք իրադրության մի շատ կարևոր փոփոխություն , որն ինքնին խորը, գործնական և առարկայական արդյունք չէ, բայց ես, վերլուծելով իրավիճակը, հասկացա, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ հարաբերություններում ունեցած կոմունիկացիոն բարդույթներն ու բարդությունները հաղթահարված են»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դա կարող է թույլ և ոչ էական բան թվալ, բայց նախկինում եղել է մի հարց` հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել, խոսե՞լ, թե՞ չխոսել։ Ըստ Փաշինյանի՝ այսօր այդ բարդությունը վերացված է ոչ միայն կառավարության մակարդակով, այլև հանրության։

Փաշինյանն ընդգծեց, որ խաղաղության օրակարգի իրագործման աշխատանքները շարունակելու են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print