Սոչիում ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվել է անորոշ ժամանակով․ Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներին։ Մասնավորապես, ՀՀ վարչապետը նշել է, որ իր ռուս գործընկերներն առաջարկել են ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով, ինչն ըստ Փաշինյանի լիովին համապատասխանում Հայաստանի կառավարության մոտեցմանը։

Փաշինյանի խոսքով  փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած ռուսական հայեցակարգի հետ։

«Դուք տեղյակ եք, որ Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Ինչո՞վ է սա հիմնավորվում։ Հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որ փոխընդունելի կլինի։ Ընդ որում, պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Ինչքանո՞վ է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Ես պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում կա երեք բաղադրիչ՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print