Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում բանակցող կողմերն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան ՌԴ խաղաղապահ ուժերի մանդատը երկարաձգելու հարցում։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, անդրադառնալով ՌԴ խաղաղապահների ներկայությանը ԼՂ-ում, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայությունն է այնտեղ, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության և իրավունքների ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ։
«Եռակողմ բանակցությունների ընթացքում առաջարկել ենք, որ որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարաձգել անորոշ ժամանակով, 5 տարով, 10 տարով, 15 տարով, 20 տարով։ Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց պետք է արձանագրեմ, որ իմ ընկալմամբ հարցը դարձավ օրակարգային»,խնշեց վարչապետը։
Վարչապետը հիշեցրեց նաև, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ժամկետը երկարաձգվում է ինքնաբերաբար, եթե կողմերից որևէ մեկը առարկություն չներկայացնի ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ։
«Ինչո՞ւմն է նորությունը։ Առաջարկի նորությունը հետևյալն է՝ խաղաղապահների մանդատը երկարացնել և ֆիքսել, որ այդ առարկության ինստիտուտը պետք չէ, կամ հաղթահարել այդ առարկության ինստիտուտը և երկարաժամկետ կտրվածքով ունենալ խաղաղապահների ներկայությունը»,- ընդգծել է վարչապետը։