Բացարձակ թվերով 2024թ․-ին հանքահումքային ոլորտն առաջընթաց է գրանցել

2024 թ. հունվար–մայիսին աճել է Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանումը։ Այսպես, պղնձի խտանյութի արտահանման ծավալներն աճել են 17%-ով` հասնելով 136 210 տոննայի:  Գրեթե կրկնակի` 1,9 անգամ, աճել է մոլիբդենի խտանյութի արտահանումը` 2657 տոննայից  հասնելով 5 142-ի։ Թանկարժեք մետաղի (ոսկու և արծաթի) խտանյութի արտահանումը 2024թ․հունվար-մայիսին ևս ավելացել է: Աճը կազմել է  18%, (8 725 տոննա)։

Սակայն սրա հետ մեկտեղ, գրեթե 30%–ով նվազել է երկաթամիահալվածքի, այդ թվում  ֆերրոմոլիբդենի արտահանումը` 3812 տոննայից հասնելով 2 718 տոննայի։  Ի դեպ, ֆերրոմոլիբդենն ավելի խորը վերամշակված ապրանք է և ստացվում է մոլիբդենի խտանյութից, հետևաբար, խտանյութի համեմատ, փոքր–ինչ ավելի շատ ավելացված արժեք է թողնում մեր տնտեսությունում։ Սակայն դրա արտադրությունն ու արտահանումը  կախված  է շուկայի պահանջարկից։ Նույն հաշվետու ժամանակահատվածում  ցինկի խտանյութի արտահանումը  ևս նվազել  է՝ ( 6%-ով)  նախորդ տարվա 4250 տոննայի դիմաց կազմելով 4 002 տոննա։Նշենք` պղնձի գներն այս տարվա սկզբից աճում են։ Աճի երկարաժամկետ միտումներին (վերականգնվող էներգետիկայի զարգացման հաշվին) այս տարի գումարվել է պղնձի արդյունահանման կրճատումը` մարտի կեսերից։ https://www.nasdaq.com/articles/copper-price-update%3A-q1-2024-in-review։ Ցինկի գներն այս տարի մնում են ավելի բարձր, քան մեկ տարի առաջ, սակայն  տատանվոմ են (այս տարի Համաշխարհային Բանկը անգամ կանխատեսում է դրանց թեթև անկում` Չինաստանի` համեմատաբար թույլ տնտեսական ակտիվության պատճառով)։ 

Այսպիսով, ըստ վիճակագրական թվերի՝ 2024 թ․-ի առաջին հինգ ամիսների ցուցանիշներով հանքահումքային ոլորտը նախորդ տարվա համեմատ առաջընթաց  է գրանցել։ Սակայն,  եթե  սովորաբար   Հայաստանի  արտահանման ընդհանուր տեսակարար կշռի  մոտ 30-32 %-ը բաժին էր ընկում  «Հանքահումքային արտադրանք» ապրանքախմբին, որն իր մեջ ներառում է պղնձի, մոլիբդենի և այլ մետաղների խտանյութերի արտահանումը,  ապա վերջին մեկ-երկու տարվա վերաարտահանման ծավալների շեշտակի աճի արդյունքում թիվը փոփոխվել է։ Այդ ցուցանիշը կներկայացնենք 2024 թ․-ի առաջին կիսամյակի առևտրաշրջանառության վերլուծության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print