🎥Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն

Երևանի համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ:

Սա առաջին հերթին արվում է երեխաների պաշտպանության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:


«Ցավոք սրտի, վերջին իրադարձություններն ապացուցում են, որ դրա անհրաժեշտությունը կա: Առաջին  խմբաքանակով 50 մանկապարտեզում դրանք կտեղադրվեն՝ հետագայում նպատակ ունենալով բոլոր՝ 162 մանկապարտեզներում ունենալ: Գնման գործընթացը կմեկնարկի բացառիորեն առաջիկա օրերին» ,-  նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը: 

50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ է տեղադրելու: Առաջնահերթորեն ընտրվել են արդեն իսկ վերանորոգվածները: Երեխաների առօրյան առցանց հասանելի կլինի միայն պատասխանատուներին: Ծնողները ամենօրյա ռեժիմով դրանք դիտելու հնարավորություն չեն ունենա: 

«Տեսահսկումը տեղի կունենա, այսպես ասած՝ կենտրոնացված եղանակով: Դիտելու հնարավորություն ունենալու ենք մենք, նաև՝ մանկապարտեզի տնօրենը, քանի որ առաջնային վերահսկողական օղակը, բնականաբար, տվյալ կազմակերպության ղեկավարն է՝ ապահովելով, հասկանալի է, անձնական տվյալների գաղտնիությունը»,-ասում է Մարգարիտ Խաչատրյանը:  

Տեսախցիկների ձայնագրությունները կունենան որոշակի ժամկետով պահպանելու հնարավորություն, վիճարկելի դեպքերում դիտելու և իրավիճակը պարզաբանելու նկատառումով: Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ տեսահսկման համակարգը չի կարող խաթարել ուսումնական գործընթացը:

«Տեսախցիկները կամ վերահսկողական որևէ գործիք չի կարող խանգարել մանկավարժի գործունեությունը: Հույս ունենք, որ դա կծառայի նաև դրական փորձը մեր մանապարտեզներում ուսումնասիրելու գործին, բայց, իհարկե, նաև արագորեն արձագանքելու հնարավորություն է անցանկալի երևույթներին»,-ասում է Խաչատրյանը:

Տեսահսկման համակարգը կսկսի աշխատել արդեն նոր ուսումնական տարում. նախատեսվում է գործարկել հոկտեմբերին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print