«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամների հետ։
Նշենք, որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորելու է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի մոտ 27կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցումը։
Բանկի առաքելությունը՝ ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի գլխավորությամբ, ՀՀ պետական մարմինների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ այս օրերին քննարկում է Սիսիան-Քաջարան նոր կառուցվելիք ճանապարհի հյուսիսային ենթահատվածին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը ներկայացրել են ծրագրի հետ կապված առանցքային հարցերը։
Կողմերն ընդգծել են ծրագրի իրականացման կարևորությունը Հայաստանի և տարածաշրջանի համար, ճանապարհի կառուցման տնտեսական օգուտներն ու ակնկալվող արդյունքները։ Անդրադարձ է եղել առաջարկվող վարկի պայմաններին, ծրագրի ֆինանսավորման և իրականացման ժամկետներին, առաջիկա քայլերին։
Առաջիկա օրերին առանձին հանդիպումների ձևաչափով ԱԶԲ առաքելության հետ մանրամասն կքննարկվեն ծրագրի ֆինանսական, գնման գործընթացներին, բնապահպանական, կլիմայի փոփոխությանը, սոցիալական ազդեցություններին առնչվող և մի շարք այլ հարցեր։