ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ծառայության՝ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության նիստ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Աշխատանքային նիստին մասնակցել են Ծառայության պետի տեղակալները, Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը:Հաշվետու զեկույցով բանախոսները ներկայացրել են համակարգում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, նշված ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը:
Մասնավորապես՝ հանցավորության և արգելված իրերի ու թմրամիջոցների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի շրջանակներում բացահայտվել և կանխվել են ապօրինի ներթափանցման բազմաթիվ դեպքեր, տեսահսկման համակարգի միջոցով հայտնաբերվել են խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են հաղորդումներ և արձանագրություններ, անցկացվել են ծառայողական քննություններ, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր: