Կառավարության որոշմամբ, նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով կստեղծվի «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ։
Նոր ընկերության բյուջեն, ըստ նախնական գնահատականի 2024թ. համար կկազմի 200 մլն դրամ։
Որոշման հիմնավորումների համաձայն՝ «Կազմակերպությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր առաջարկվող տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև (առաջարկվող տեխնոլոգիաների փաստաթղթերը մեծածավալ են՝ մի քանի հազար էջ, և առնչվում են բազմաթիվ մասնագիտական ոլորտների հետ), որի հիման վրա կներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, ինչը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ Վերջինս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:
Ազգային ժողովի կողմից նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին օրենքը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո, կառավարության կողմից ընդունած ժամանակացույցին համապատասխան կազմակերպությունը պետք է կառավարի, կազմակերպի և պատասխանատու լինի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար, այսինքն՝ հանդիսանա տվյալ ծրագրին իրականացնողը (SPV)»: