ԱԶԲ առաքելության հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման վարկային համաձայնագիրը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փաստահավաք առաքելության անդամներին՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։ 

ԱԶԲ փաստահավաք առաքելության նպատակն է քննարկել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցերի մանրամասները և նախապատրաստել ստորագրվելիք վարկային համաձայնագրի տեքստը։ Նշենք‚ որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցումը։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքները։ Մասնավորապես‚ շեշտվել է‚ որ Հյուսիս-հարավը կարևորագույն ենթակառուցվածքային ծրագիր է։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում բանկի‚ ՀՀ Կառավարության‚ իրականացնող մարմնի համագործակցության մեխանիզմները‚ ծրագիրն իրականացնող կազմակերպության կարողությունների զարգացման հարցը։

Հատուկ անդրադարձ է եղել նշված ճանապարհահատվածում կառուցվելիք կամուրջների և թունելների անվտանգության համակարգերին‚ դրանց ստանդարտներին‚ սպասարկման առանձնահատկություններին‚ և նշվել է‚ որ այդ հարցերում պետք է ներգրավվեն նորագույն մեթոդները։

Քննարկման մասնակիցներն արծարծել են ծրագրի ֆինանսական‚ գնման գործընթացներին‚ շրջակա միջավայրի պահպանությանը‚ սոցիալական ազդեցություններին առնչվող հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print