Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ 2022 թվականին էապես աճել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:
«2021 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը 8 ամսվա արդյունքներով աճել է 24,5 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներմուծումը՝ 40,8 տոկոսով։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը 60 տոկոսով է աճել և կազմել 571 միլիոն դոլար»,- ասաց Քերոբյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը ԵՄ գործընկերների հետ աշխատանք է տանում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման մասով։
«Պայմանավորվել ենք, որ նոյեմբերին, կարծեմ, ՎԶԵԲ-ը պետք է հաստատի Կենտրոնական բանկի տանիքի տակ գտնվող գերմանական հիմնադրամի 70 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ հատկացնելու որոշումը։ Իրենց խոսքերով, վերջին ներդրումն է լինելու այդ խողովակով։ Հիմա շատ կարևոր է ստեղծել նոր խողովակ, որով հայկական բանկերը կկարողանան նոր ֆինանսավորում ստանալ եվրոպական գործընկերներից, որը կուղղվի Հայաստանի տնտեսական զարգացմանը և հայկական փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց Քերոբյանը։