Կապանի «Բեխի անապատ» համալիրի եկեղեցու պատերի մասնակի ամրակայման նախագիծն արժանացել է հավանության

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 10-րդ նիստում քննարկվել են ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևան քաղաքում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր:

Օրակարգում ընդգրկված հարցերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Բեխի անապատ» համալիրի եկեղեցու հարավային և արևելյան պատերի մասնակի ամրակայման նախագիծն արժանացել է հավանության:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի թիվ 202/4 հասցեի բնակելի տան նախամուտքի և տանիքի վերակառուցման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի՝ ներկայացված դիտարկումները հաշվի առնելու պայմանով։

Նիստում քննարկված հարցերից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 3/1-1 հասցեում բացօթյա սպասարկման տարածքի էսքիզային առաջարկը մերժվել է: ՀՀ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ վանքի Սուրբ Աստվածածին միանավ եկեղեցու (13-րդ դար) եկեղեցական խցերի վերականգնման և օգտագործման, ինչպես նաև տաղավարների տեղադրման և տարածքի բարեկարգման նախագիծը, լրացուցիչ ուսումնասիրություններ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, վերադարձվել է լրամշակման:

ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի վարչական տարածքում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների hուշարձանի հարակից տարածքում եկեղեցու կառուցման առաջարկը համարվել է ընդունելի:

Նիստում քննարկվել է նաև Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան փող. հ. 1 հասցեում գտնվող «Արմենիա» հյուրանոցային համալիրի գլխավոր հուշարձան-մասնաշենքի ֆասադային վնասված ստորին (գետնախարիսխների) հատվածների վերականգնման մեթոդաբանության հարցը. որոշվել է այն դիտարկել Հրապարակի համալիրի համատեքստում՝ հնարավորության դեպքում ներգրավելով միջազգային փորձագետների:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print