ՆԳ փոխնախարարը խոսել է կենսաչափական անձնագրերի մասին

Կառավարությունը քննարկում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և բիոմետրիկ անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացումը։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ՝ բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել պրոցեսը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա մատուցել ծառայությունը․

«Երբ մեկնարկում էր ծրագիրը, մենք նախ իրականացրել ենք շուկայի ուսումնասիրություն, որպեսզի հասկանանք՝ ինչպիսի մատակարարներ կան և ինչպիսի առաջարկ կարող են տրամադրել՝ մեր կարիքներին համապատասխան։ Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը։ Առաջինը եղել է որակի համապատասխանության փուլը, որի շրջանակներում ունեցել ենք 5 միջազգային առաջատար ընկերությունների հայտավորում, որոնք միջազգային ասպարեզում բիոմետրիկ անձնագրերին, նույնականացման քարտերի և նորարարական լուծումների մատուցման տեսանկյունից ունեն բավական հարուստ փորձառություն»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ 5 առաջատար ընկերությունից որակավորվել է 3 արտասահմանյան ընկերություն՝ 2 գերմանական և 1 ֆրանսիական։ Եվ առաջին փուլի արդյունքում հանրայնացվել է 3 որակավորված հայտատուի տվյալներ․ «2-րդ փուլին ընդառաջ, որը բուն մրցույթն է, և այս շրջանակից պետք է ընտրենք հաղթող թեկնածուին, ըստ էության, առաջարկի հարցումն է, որին նախորդում է այս 3 հայտատուի հետ բանակցությունների փուլը։ Այժմ բանակցությունների փուլն է, և մենք հայտատուներից ունենք խնդրանք, որպեսզի մի փոքր երկարաձգենք իրենց կողմից վերջնական առաջարկների և խնդիրների քննարկման փուլը, որպեսզի մենք առաջարկի հարցումը ձևակերպենք շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այս փուլն ամբողջ պրոցեսի ամենակարևոր փուլն է, և այստեղ սխալվելու հավանականություն ունենալ չենք կարող»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print