🎦Նիկոլ Փաշինյանը հորդորում է մայթերը ճիշտ օգտագործել

Բազմաթիվ համայնքներում մենք սուբվենցիոն ծրագրերով փողոցներ և մայթեր ենք հիմնանորոգում և վերականգնում: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես սովորություն ունեմ այդ տեղերով գնալ և տեսնել, թե ինչ է կատարվում, և ինձ համար տարօրինակ կերպով արձանագրում եմ, որ շատ հաճախ մայթերն օգտագործվում են որպես ավտոկանգառ, այսինքն՝ մայթերի վրա ավտոմեքենաներ են կանգնած, ինչը, իհարկե, խնդրահարույց է, որովհետև այդ մայթերը մենք վերականգնել ենք, որպեսզի հետիոտները քայլելու հնարավորություն ունենան»,- նշել է նա: 

Երկրորդ երևույթը, ըստ վարչապետի, հետևյալն է. «Մարդիկ, առանց կաշկանդվելու, մայթերի վրա, օրինակ, բետոն են անում. նկատի ունեմ ցեմենտավազի շաղախ են անում իրենց որևէ նպատակի համար. իրենց բակի կամ որևէ շինարարության ժամանակ օգտագործելու համար: Հաշվի չեն առնում, որ այդ ցեմենտավազի շաղախն ասֆալտի կամ սալաքարերի վրա շերտ է թողնում և, ըստ էության, նախագիծը դրանով փչացվում է:

Հաջորդ երևույթը որ կա. մայթերը դարձնում են շինհրապարակ, և այնտեղ ավազ է թափված, օրինակ, քարեր են թափված, ինչ-որ շինարարական գործիքներ, և էլի հետիոտների շարժը դադարեցվում է կամ խոչընդոտվում: Այստեղ հարց է ծագում, թե այդ տասնյակ, հարյուրավոր, երբեմն միլիարդով գումարն ինչի՞ համար է ծախսվել, եթե չի ծառայելու իր նպատակին»,- ասել է վարչապետը:

Հաջորդ երևույթը, նրա խոսքով, երբ մարդիկ նոր, առանց ասֆալտի կամ հիմնանորոգված փողոցն անկաշկանդ քանդում են:

«Ես մի քանի այդպիսի տեղեր եմ տեսել, որ փոսեր են ձևավորվել նոր հիմնանորոգված ճանապարհին, ինչը ցավալի երևույթ է: Ես այս կապակցությամբ պետական մարմիններին հանձնարարականներ տվել եմ, ուղղակի ուզում եմ կիսվել հանրության հետ, որովհետև կա հանրային իրազեկման կարիք, որովհետև սա մենք ենք, մենք ենք այս ամեն ինչն անում, ուրիշ մարդիկ չեն: Փորձենք մի քիչ ավելի ուշադիր լինել և չանել, փորձենք նաև ուրիշներին էլ խնդրել, հորդորել բարեկամաբար, առանց լարումների, որ նման բաներ տեղի չունենան: Եթե նման բաներ տեղի են ունենում, դիմենք համապատասխան մարմիններին՝ տեղական ինքնակառավարում, մարզպետարան, տեսչական մարմիններ, ոստիկանություն, որպեսզի պետական մարմինները նույնպես տեղից շարժվեն և իրենց անելիքը անեն: Հանձնարարական տվել եմ, բայց լրացուցիչ ջանքը չի խանգարի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print