Հայաստանի կառավարությունը 2023թ. մտադիր է պետական բյուջեից 2 մլրդ դրամ հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշ շրջաններից հարկադրաբար տեղահանված ընտանիքներին՝ բնակարան ձեռք բերելու համար։ Այս մասին Ազգային ժողովում ասել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Ծրագիրը, մասնավորապես, նրանց թույլ կտա ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական տուն։ 2022թ. հոկտեմբերին կառավարությունը կատարելագործել է առկա որոշումը, որի համաձայն՝ տեղահանվածի ընտանիքը սահմանամերձ գյուղում անշարժ գույք գնելու կամ կառուցելու դեպքում կարող է լրացուցիչ աջակցություն ստանալ։ Մասնավորապես, գնելու դեպքում հիպոթեկային վարկի հիմնական գումարի մարման համար կտրամադրվի 14 մլն դրամ, իսկ կառուցելու դեպքում՝ 16 մլն դրամ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ մտցված փոփոխությունների արդյունքում գումարը, որը գանձվելու է գնման կամ կառուցման դեպքում սեփականության իրավունքների գրանցման համար, նույնպես կսուբսիդավորվի։
Ծրագրի շահառուներ կարող են դառնալ.
ա) ԼՂՀ-ի որոշ շրջաններում ապրած ընտանիքները (2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ);
բ) ԼՂՀ-ում գրանցված քաղաքացիները, որոնք հանրապետության տարածքում ապրել են վերջին երեք ամիսներից ոչ պակաս;
գ) անձինք, որոնք հանրապետության տարածքում ապրել են վերջին երեք տարիներին եւ որոնք հարկադրված են եղել տեղափոխվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով, եւ այլն։