Սոցցանցերում կրկին տարածվում են կորցրած գումարների վերադարձ խոստացող կեղծ գովազդներ

Սոցցանցերում տարածվում են գովազդային գրառումներ, որոնք խոստանում են օգնել վերադարձնել կասկածելի ներդրումներում կորցրած գումարները: Այս գովազդներում հաճախ օգտագործվում են հայտնի անձանց կեղծված տեսանյութեր, իսկ վերջերս նաև՝ հայկական անուններ և դեմքեր՝ վստահություն ներշնչելու նպատակով:

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդները և բացահայտել, որ դրանք իրականում ֆինանսական խարդախության փորձեր են:

Կեղծ անուններ, գողացված լուսանկարներ

Սոցցանցերում, մասնավորապես՝ Meta-ի հարթակներում տարածվող գովազդներում օգտագործվում են հայկական արտաքինով մարդկանց լուսանկարներ և անուններ: Օրինակ, ակտիվորեն տարածվող գովազդներից մեկում ներկայացված է «Անգելինա Գասպարյան» անունով կին, մեկ այլում՝ «Գևորգ Բադիշյան» անունով տղամարդ: Պնդում է արվում, թե նրանք իրավաբանների միջոցով վերադարձրել են ներդրումներում կորցրած իրենց դրամական միջոցները:

Սակայն, իրականում այս լուսանկարները գողացված են համացանցում հայազգի անձանց օգտահաշիվներից, իսկ անունները հորինված են։

«Գևորգ Բադիշյան» անունով ներկայացված տղամարդու լուսանկարում պատկերված անձը իրականում Արմեն Ազարյանն է, իսկ «Անգելինա Գասպարյանն» էլ իրականում Թամարա Դանիելյան է: Երկուսն էլ որևէ կապ չունեն այս խարդախության հետ:

#CivilNetCheck-ի հետ զրույցում Թամարա Դանիելյանը հայտնեց, որ իր լուսանկարն օգտագործվել է առանց իր իմացության և թույլտվության. «Oգոստոսի 13-ին նկատեցի, որ իմ լուսանկարն օգտագործվում է կեղծ գովազդներում: Սկսեցի բողոքարկել (Report) այդ գրառումները և խնդրեցի ընկերներիս նույնպես անել դա»։

Թամարան նշեց, որ երբեք ներդրումներում գումար չի կորցրել և չի վերադարձրել: Նա կոչ արեց առավել զգույշ լինել սոցիալական ցանցերում։

«Զարմանալի է, որ մարդիկ հավատում են այդ կեղծ հրապարակումներին: Օգտահաշիվն ակնհայտորեն կեղծ է՝ չկա հեռախոսահամար, անհասկանալի է, թե ովքեր են դրա հետևում կանգնած անձնակազմը, ղեկավարությունը, և նույնիսկ պարզ չէ, թե ինչ ընկերություն է»,- նշեց նա:

Նորաստեղծ կասկածելի կայք և զանգ զեղծարարներից

Տարածվող այս կեղծ գովազդները տանում են դեպի legallawyer.agency/am կայք, որը ներկայանում է որպես իրավաբանական ծառայություններ տրամադրող ընկերություն:

Սակայն կայքը չի պարունակում որևէ տեղեկություն ընկերության մասին, ինչն ինքնին հնարավոր խարդախության «կարմիր դրոշակ» է:Զեղծարարների կայքի այս դոմեյնը, ինչպես և կեղծ գովազդներ տեղադրող ֆեյսբուքյան էջը ստեղծվել են ընդամենը շաբաթներ առաջ։ Դրանցում առկա չեն կոնտակտային տվյալներ և համապատասխան բովանդակություն, գրառումներ։ Ավելին նման գովազդներ տարածող «Legal assistance in Armenia» անունով էջում որպես հասցե նշված է՝ Բաքու, Ադրբեջան։

Ուշագրավ է, որ նույն դոմենի վրա legallawyer.agency/az հասցեով առկա է մեկ այլ կայքէջ, որը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիներին: Այդ կայքէջն առավել շատ բովանդակություն է պարունակում և անգամ հասցե ու ընկերության անվանում, սակայն դրանք ևս կեղծված են:Սա փաստում է, որ այլ երկրներում գործող ռուսախոս խարդախները թիրախավորում են հետխորհրդային երկրների քաղաքացիներին՝ ենթադրաբար, օգտվելով այդ երկրներում ռուսերենի իմացությունից։

Կայքում միակ հնարավորությունը անձնական տվյալներով հայտ լրացնելն է՝ «խորհրդատու-իրավաբանի» զանգի համար: Մենք լրացրինք հայտը և շուտով զանգ ստացանք արտերկրից, այնուհետև՝ մի քանի զանգ հայաստանյան բջջային համարներից: Բոլոր դեպքերում «խորհրդատու-իրավաբանի» դերում հանդես էր գալիս ռուսախոս զեղծարարը, որը պնդում էր, թե մեկ տարի առաջ առցանց ներդրումներում կորցրած գումարները հնարավոր է վերադարձնել:

#CivilNetCheck-ը արդեն անդրադարձել է նմանատիպ խարդախություններին, երբ զեղծարարները ներկայանում են որպես իրավաբաններ և խոստանում են վերադարձնել նախկինում կորցրած գումարները:

Տես՝ «Կեղծ իրավաբանները գումար են կորզում՝ խոստանալով վերադարձնել կորցրած ներդրումները»

Վերջերս զեղծարարներն օգտագործում էին հայ գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «դիփ-ֆեյքը»։

Video Player

00:00

01:12

Արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված այս կեղծիքին #CivilNetCheck-ին անդրադարձել է առանձին հրապարակմամբ։

Կորցրած ներդրումների վերադարձի խարդախության սխեման

Կեղծ իրավաբանները փորձում են համոզել զոհերին, որ աշխատում են առանց որևէ կանխավճարի և գումար պետք է փոխանցել դրամական միջոցների միայն հաջող վերադարձից հետո: Որպես կանոն զեղծարարներն ինչ-որ պահի իբրև կորցված գումարի փոխանցման համար միջնորդավճար են պահանջում։ Պահանջած գումարի վճարման դեպքում «իրավաբանները» անհետանում են, իսկ խոստացված գումարը չի վերադարձվում։

Հայաստանում նմանատիպ խաբեությունները առավել մեծ տարածում ստացել են վերջին տարիներին։ Առհասարակ՝ այս ձևի խաբեությունների ալիքը որպես կանոն հաջորդում է կեղծ ներդրումների և կրիպտո-խաբեությունների ալիքներին։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող՝ կորցրած ներդրումները վերադարձնելու խոստումով գովազդները կեղծ են և ֆինանսական խարդախության փորձեր են: Դրանք թիրախավորում են արդեն իսկ գումար կորցրած քաղաքացիներին՝ նրանցից կրկին գումար կորզելու նպատակով:

CivilNet

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print