Կարմրուկի դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է. ՀՎԿԱԿ

Կարմրուկը կառավարելի հիվանդություն է, և դրա դեմ ամենաարդյունավետ պայքարը համապատասխան պատվաստումներն իրականացնելն է։

Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք կարմրուկով հիվանդացության աճ. եթե նախորդ տարի ամբողջ տարվա ընթացքում գրանցվել էր 554 դեպք, այս տարի մինչև օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ՝ արդեն 547 դեպք։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին Առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին ասաց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

Տնօրենի խոսքով, Կարմրուկը կառավարելի հիվանդություն է, և դրա դեմ ամենաարդյունավետ պայքարը համապատասխան պատվաստումներն իրականացնելն է։

«Փորձում ենք հնարավորինս բարձրացնել պատվաստման ցուցանիշները։ Իրականացված աշխատանքների շնորհիվ նախորդ տարվա համեմատ ունենք չպատվաստվածների թվի 1.8 տոկոս նվազում, և թերի պատվաստվածների թվի 2.9 տոկոսով նվազում»,–հավելեց Ստեփան Աթոյանը։

Ստեփան Աթոյանը նշեց, որ հաշվի առնելով ուսումնական տարվա սկիզբը, եթե պատվաստումները պատշաճ չիրականացվեն, ապա դեպքերի թվի աճ կնկատվի։

ՀՎԿԱԿ տնօրենի խոսքով, վերջին 14 օրերի ընթացքում արձանագրվել է COVID 19—ի 229 դեպք, թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։

«Վերջին 7 օրերի ընթացքում արձանագրվել է 113 դեպք, ինչը նույպես մի փոքր ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիվանդությունը կառավարելի է, և համապատասխան պատվաստումների առկայության դեպքում բացառում ենք հիվանդության զարգացումը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print