Սուքիասյանի դեմ դատական գործ է հարուցվել

ՀՀ դատախազությունը հայց է հարուցել վարչական դատարան` վիճարկելու համար Երևանի կենտրոնում գտնվող բիզնես կենտրոնի («Սիլ պլազա» — խմբ.) սեփականաշնորհման օրինականությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով դատախազության լրատվական ծառայությանը։

Դատախազությունից հայտնում են, որ պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել «Հետքի» «$ 5655. սեփականաշնորհում «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման հիման վրա։

«Հետքը» դեռ նախորդ անդրադարձել էր «Սիլ պլազայի» շենքի սեփականաշնորհմանը, որը ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ձեռք է բերել է 5655 դոլարով (1995 թվականին), իսկ սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքախային խորհրդի գործկոմի նախագահ, այժմ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օրոք։

«Հայց է հարուցվել ՀՀ վարչական դատարան՝ Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փող. 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջներով»,– ասացին դատախազության լրատվական ծառայությունից:

Հայաստանի վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի որոշմամբ` հոկտեմբերի 28–ին հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Նույն օրը մեկ այլ որոշմամբ բավարարվել է հայցի ապահովում կիրառելու մասին հայցվոր Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Հայաստանի կադաստրի կոմիտեին վիճելի հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ:

 «ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի ավագ հարկադիր կատարողը հոկտեմբերի 28-ին որոշում է կայացրել արգելել կադաստրի կոմիտեին Երևան քաղաքի Արամի 3 և 5 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ իրավունքի պետական գրանցում կատարելը»,– հայտնում են դատախազությունից:

Նույն ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է նաև քրեական գործ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print