Վիճաբանություն Սյունիքում. կա տուժած

Օգոստոսի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիս քաղաքի Անկախության փողոցում՝ շուկայի մոտակայքում, մոտ 10 անձանց միջև ծեծկռտուք է, հնչեցնում են հայհոյանքներ, ինչը խոչընդոտում է մի շարք բնակիչների անդորրը, խնդրել են ոստիկաններ մոտենան նշված հասցե և հավելել, որ հնարավոր է մարդասպանություն տեղի ունենա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 24-ին՝ ժամը 04։25-ի սահմաններում, «Գորիսի» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի թիկնային մակերեսի պատռած վերքեր, 3-րդ մատի տարածիչ ջլի լրիվ հատումով, գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Գոռ Գ․-ն, որը հայտնել է՝ վնասվածքը ստացել է կռիվ բաժանելու հետևանքով:

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 24-ին ժամը 01։30-ի սահմաններում Անկախության և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում անձնական հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Գագիկ Ա․-ի և 41-ամյա Հարություն Զ․-ի միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և տվել հայհոյանքներ, այդ ընթացքում վիճաբանությունը բաժանելու նպատակով միջամտած Գոռ Գ․-ն վայր է ընկել գետնին և ստացել վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությանը ներկա են գտնվել նաև Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Համլետ Ա․-ն, 25-ամյա Նարեկ Շ․-ն, 16-ամյա Արեն Զ․-ն, 29-ամյա Հարութ Ա․-ն և այլոք, որոնց տվյալները պարզվում են:

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print