Հայաստանում վաղ ամուսնությունների թիվը նվազել է

Կառավարությունը կողմ է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմի բարձրացմանը, որը կարող է նպաստել վաղ ամուսնությունների դեպքերի նվազմանը։

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագծի մասին, որով առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանն՝ առանց բացառությունների։ 

«Կառավարությունը միանշանակ կողմ է արտահայտվել պատգամավորական այս նախաձեռնությանը։ Առնվազն օրենսդրության մակարդակում պետությունը ցույց է տալիս իր վերաբերմունքը վաղ ամուսնությունների նկատմամբ, որովհետև հակառակ պարագայում ստացվում է, որ պետությունը կամ օրենքը նույնպես խրախուսում են վաղ ամուսնություններն և անչափահասների ամուսնությունների գրանցումը»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում նախարարության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վաղ ամուսնությունների թիվը երկրում նվազել է։

«Օրինակ՝ 2021 թվականի ընթացքում գրանցված ամուսնությունների թիվը 16 տարեկանների դեպքում 5 էր, 2022 թվականին՝ 4, 2023 թվականին՝3 և 2024 թվականին՝ 2։  2021 թվականին 17 տարեկանների շրջանում գրանցվել է 49 ամուսնություն,  2022 թվականին՝ 26, 2023 թվականին՝ 24 և 2024 թվականին՝9։ 18 տարեկանների շրջանում արդեն մեծ են թվերը, 2021 թվականին գրանցվել է 135 ամուսնություն, 2022 թվականին՝155, 2023 թվականին՝55 և 2024 թվականին՝  84։ Թվերը փոքր են, բայց այս ամուսնությունների արդյունքում գրեթե 100 տոկոսանոց ճշտությամբ ծնվում են երեխաներ, անչափահասների մոտ երեխաների ծնունդները շատ մեծ քանակ են կազմում, ինչը մտահոգիչ է»,- եզրափակեց փոխնախարարը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print