Հայաստանի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է. Խանդանյանը պատասխանել է Հաջիևին

ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիտորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի ՀՀ–ն և ԵՄ–ն պետք է որոշեն` երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները»,– ասաց նա։

Նա հավելեց, որ գուցե ինչ-որ բան փոխվի, երբ կնքվի խաղաղության պայմանագիրը։

«Երբ ավարտվի սահմանազատման գործընթացը և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիտորինգի անհրաժեշտություն այլևս չկա, բայց այս պահին նման հարց բնականաբար չի քննարկվում»,-հավելեց ՔՊ–ական պատգամավորը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեության շարունակման անհրաժեշտություն Ադրբեջանը չի տեսնում։

Իսկ թե խաղաղության պայմանագիրը ո՞ր հարթակում, կամ ո՞ւմ հովանու ներքո կարող է ստորագրվել, Խանդարյանը պատասխանեց, որ հարցը դեռ բաց է։ Չբացառեց, որ այն կարող է լինել երկկողմ կամ եռակողմ ֆորմատով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print