Հայաստանում վարակիչ հիվանդությունների աճը պայմանավորված է ոչ տիպիկ շոգ կլիմայով. Օնիշչենկո

Հայաստանում վարակիչ հիվանդություններով վարակվածների թվի աճը վտանգավոր բնույթ չի կրում և պայմանավորված է գլոբալ տաքացմանը բնորոշ չորային եղանակով: «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Աստանա-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ընթացքում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

«Ընդհանուր առմամբ, վարակիչ հիվանդությունների աճը կարելի է բացատրել այս տարվա ոչ տիպիկ շոգ կլիմայով․ դա նույնպես դեր է խաղացել։ Ինչ վերաբերում է օգոստոս ամսում առկա իրավիճակին, ապա մրգերի և բանջարեղենի սեզոնին՝ օգոստոսին և սեպտեմբերին, միշտ լինում է հենց այս եղանակով փոխանցվող աղիքային ինֆեկցիաների դեպքերի աճ։ Առավել ևս, որ այս ժամանակահատվածում մենք նախընտրում ենք մրգերն ու բանջարեղենը հում ուտել»,- կարծում է Օնիշչենկոն։

Նրա կարծիքով, հիմա՝ ուսումնական տարվա մեկնարկին, ամենահրատապ խնդիրը երեխաների շրջանում սուր շնչառական հիվանդություններով հիվանդացության բարձրացումն է։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է վարակիչ հիվանդություններով վարակվածության աճ: Մասնավորապես, նկատվում է կարմրուկով և կապույտ հազով վարակման դեպքերի զգալի աճ։ Բացի այդ, շատ են սուր շնչառական վարակի դեպքերը: Աթոյանը նշել էր, որ կան նաև քութեշով հիվանդանալու դեպքեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print