Ագրարային մասնագիտություներով սովորող մոտ 220 ուսանողներ 70-77 հազար դրամ կրթաթոշակ կստանան

Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորողների պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի մասին նախագծում փոփոխություններ կլինեն: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, այս տարվանից կներառվեն նաև ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք ևս պետության համար առաջնային նշանակություն ունեն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 5-ի նիստին ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Առաջարկում ենք այս ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները, անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, որում ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները»,- թվարկեց նախարարը և հավելեց՝ նպատակը այս ոլորտներում կրթություն ստացողների թիվը մեծացնելն է:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ առաջադիմության, 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային վերոնշյալ մասնագիտություներով սովորողներին:

«Որոշման կարգավորումները տարածվելու են այս ուսումնական տարվանից՝ 2024-2025 ուսումնական տարվանից, այս ուղղություններով առաջին կուրս ընդունված սովորողների վրա»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ խոսքը մոտ 220 ուսանողների մասին է, որոնք սովորում են ագրարային մասնագիտություններով:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ բնագիտական մասնագիտությունների մասով կրթաթոշակի ներդրումից հետո այս ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել, օրինակ՝ 2022-ին բնագիտական մասնագիտություններով ընդունված ուսանողների թիվը 124 է եղել, 2023-ին՝ շուրջ 251, իսկ 2024-ին՝ 304 ուսանող, այն է՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան 2022-ին էր՝ մինչև որոշման ընդունումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ սա այն որոշումներից է, որը բխում է իրական կյանքից, և այս որոշման անհրաժեշտությունը տեսել է տարբեր մարզերում: Նաև նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում որոշ մասնագետներ աշխատում են ժամավճարով, որի 1 օրվա գինը, օրինակ, կարող է հասնել 700-800 եվրոյի: Մի քանի օրով նման մասնագետի վարձելը հասու չէ գյուղատնտեսին:

«Այս տրամաբանությունից ելնելով՝ ներդրողները խնդիր են դնում, ասում են՝ մենք ենք փնտրում աշակերտների և փորձում ենք ուղեկցել, որ նրանք մասնագիտություն ընտրեն, այսօրվանից գան, սկսեն զրոյական մակարդակից աշխատել, զուգահեռ կրթություն ստանալ, և հիմա սա պահանջված է, և որպեսզի մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան, և այդ աշխատատեղերը թափուր են և գնալով մեծանալու են»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ որոշումը կարևոր է նաև տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:

«Այս կրթաթոշակների արդյունքում մենք պետք է ստանանք մասնագետներ բառիս բուն իմաստով: Մենք չենք կարող մեզ թույլ տալ պետական միջոցները ծախսել, արդյունքում ձևավորել նոր խումբ, որն ասում է՝ նույնիսկ երկու բարձրագույն դիպլոմը ձեռքս՝ չեմ կարողանում նորմալ աշխատանք գտնել»,- ասաց նա և հավելեց՝ կրթաթոշակառուների գիտելիքները պրակտիկ կյանքում կիրառվելու են:

Թեմայի համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձավ մասնագետների մեծ պահանջարկին, օրինակ՝ մի քանի տասնյակ անասնաբույժների կարիք կա, ինչպես նաև ագրոնոմների, ապրանքագետների, տեխնոլոգների, որոնք հիմնականում դրսից հրավիրված են կա՛մ կենսաթոշակային տարիքին մոտ մասնագետներ են, կա՛մ հենց կենսաթոշակառուներ. «Եթե այս խնդիրը չկարողանանք արագ լուծել, մի ինչ-որ պահի գյուղատնտեսության զարգացումը կանգ կառնի կամ էականորեն կդանդաղի մասնագետների բացակայության պատճառով»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print