Գողացել են բարձր լարման հաղորդալարեր՝ ընկերությանը պատճառելով մոտ 3,5 մլն դրամի նյութական վնաս

Ձերբակալված 4 անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Օգոստոսի 30-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից Ծաղկաշեն տանող հանդամասում գտնվող շուրջ 3,000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ՓԲ ընկերությանը պատճառելով շուրջ 2 միլիոն դրամի նյութական վնաս: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:

Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում դեպքի հանգամանքերը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, սեպտեմբերի 3-ին ևս ստացվեց նույնաբովանդակ հաղորդում. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում նույն վայրից գողացել էին շուրջ 2000 մետր էլեկտրական բարձր լարման հաղորդալար՝ ընկերությանը պատճառելով շուրջ 1 միլիոն 400 հազար դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 3-ին: Պարզվեց, որ գողությունը կատարել են Սյունիքի մարզի՝ 5 և Երևանի 1 բնակիչ:

Գավառի բաժնի ոստիկանները, համագործակցելով մարզի պարեկների հետ, սեպտեմբերի 4-ին վերոհիշյալ հանդամասում հայտնաբերել, ձերբակալել և, «ԳԱԶ 53-12» ու «ԲՄՎ» մակնիշի մեքենաներով հանդերձ, Գավառի բաժին են տեղափոխել գողության 4 մասնակցի, իսկ 2-ը դիմել են փախուստի:

Գողության մասնակիցներից «ԳԱԶ 53-12»-ի վարորդը խոստովանել է, որ օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 1-ին կտրելու եղանակով գողացել են այլումինե մալուխներ և տեղափոխել Այնթապ բնակավայրի գունավոր մետաղների ընդունման կետ:

Ձերբակալված 4 անձինք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print