Ատեստավորման եւ տարակարգերի մեխանիզմը կներդրվի նաեւ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում: Այս մասին այսօր հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին նախագիծը, որն միաձայն ընդունվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում:
«Շուրջ 7 հազար աշխատակիցների մասին է խոսքը, որոնք այժմ աշխատում են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Հանրակրթության այդ փորձն այստեղ չի կարող կրկնվել, քանի որ մասնագիտական կրթության մասին է խոսքը, ուստի, ոլորտի համար մեխանիզմներ կմշակվեն»,- նշել է նախարարը։
Համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է նաեւ աշխատավարձերի բարձրացում: Ուսուցիչների դեպքում դրույքաչափը կրկնապատկվում է՝ գումարած 30-50 տոկոս հավելավճար:
Նախագիծը նախատեսվում է մեկնարկել 2024 թվականից՝ գյուղատնտեսության ոլորտի հաստատություններից, որպես գերակա ճյուղ: