Վայոց ձորում և Կոտայքում ՆԳՆ փրկարար ծառայությունը հանրային իրազեկման աշխատանքներ է իրականացրել

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից օգոստոս ամսին կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ՝ շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժանքեր, դասընթացներ:

Հրդեհաշիջման և այլ անհետաձգելի աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմերի ունակությունները և տեսական գիտելիքները կատարելագործելու, արտակարգ իրավիճակների սպառնալիքի և առաջացման դեպքում համայնքի բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար կազմի պատրաստականությունները ստուգելու նպատակով ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների մասնակցությամբ Ջերմուկ համայնքում երկու փուլով անց է կացվել 1 օր տևողությամբ շտաբային ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն անտառային հրդեհների առաջացման դեպքում» թեմայով:  

Ուսումնավարժությանը մասնակցում էին նաև համայնքապետարանի բաժինների պետերը, բնակավայրերի ղեկավարները և կազմավորումների հրամանատարները:

Ուսումնավարժությունը մեկնարկեց մասնակիցների ազդարարումով։ Համայնքապետարանում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցները տեղեկացվեցին ստեղծված իրավիճակի մասին և ստացան համայնքապետի կարգադրությունը՝ բնակչության պաշտպանության համակարգը պատրաստ վիճակի բերելու  և հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: 

Միջոցառման ընթացքում նախապատրաստեցին և ներկայացվեցին անտառային հրդեհների առաջացման դեպքում իրականացված գործողությունների վերաբերյալ զեկույցներ: 

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների մասնակցությամբ Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» առողջարանում անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում անձնակազմի և հանգստացողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանք, որի նպատակն էր ստուգել առողջարանի ղեկավար կազմի գործնական ունակություններն արտակարգ իրավիճակներում որոշումներ կայացնելու հարցերում, ինչպես նաև կատարելագործել առողջարանի ղեկավար կազմի և մարզային փրկարարական վարչության համագործակցությունը բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման ընթացքում:

Վարժանքի ավարտին քննարկվեցին հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ անձնակազմի և հանգստացողների շրջանում առաջացած խուճապի կանխման վերաբերյալ հարցեր:

Ջերմուկ  քաղաքում կազմակերպվել և անց է կացվել նաև «Հրդեհաշիջումը  բենզալցակայանում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Անձնակազմի գիտելիքների, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների և կարողությունների բարելավման ուղղությամբ հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել նաև Կոտայքի մարզում։ 

Մասնավորապես՝  Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից «Հայկ Օիլ» և «Դրայվ» ԱՁ գազաբենզալցակայաններում իրականացվել է «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտում ծագած հրդեհի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ։

Ուսուցողական միջոցառումներ են անցկացվել նաև մի շարք կրթական հաստատություններում։ Միջոցառումների ընթացքում, շեշտը դնելով կրթական հաստատությունների հետ համագործակցության վրա, մարզային ստորաբաժանումներն Աբովյան և Եղվարդ քաղաքների, Բջնի գյուղի մանկապարտեզներում, ինչպես նաև Հրազդան քաղաքի երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոնում ոստիկանության ծառայողների հետ համատեղ անց են կացրել «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ», «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմաներով դասընթացներ։

Ուսուցողական միջոցառումները միտված են հանրային իրակազեկման գործընթացի բարելավմանը, ինչպես նաև դեռևս նախադպրոցական հաստատություններից երեխաներին արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների վերաբերյալ ուսուցանմանը։

Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվող իրազեկվածության բարձրացմանը և հմտությունների կատարելագործմանն ուղղված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print