Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթության մասնակցությանը:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ԱԺ-ում ներկայացրել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համար կարևոր որոշ դասընթացների պարտադիր մասնակցություն սահմանել։
Լենա Նանուշյանի ներկայացմամբ ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Նշված ՇՄԶ կրեդիտները բուժաշխատողները ձեռք են բերում՝ մասնակցելով տարբեր դասընթացների, գիտաժողովների: Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը կամ հարակից համարվող միջոցառմանը մասնակցի: Սակայն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթը, ըստ նախարարի տեղակալի, անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ:
Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ կառավարության կողմից: Որպես, օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները:
Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթության մասնակցությանը: