Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ

Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու արտագնա հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ:  Առաջիկա այս 2 ընկերական խաղերին պատրաստվելու համար Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ, տեղեկանում ենք ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։ 

Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին նշեց հետևյալը.
«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

Ընկերական հանդիպումների ժամանակացույցը՝

Կոսովո – Հայաստան – 16.11.2022, 21:00

Ալբանիա – Հայաստան – 19.11.2022, 20:30

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print