Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփն անցկացրել են նախընտրական առաջին հեռուստաբանավեճը

Թեկնածուները մի քանի անգամ միմյանց մեղադրել են ստելու մեջ։

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը ընտրություններից երկու ամիս առաջ անցկացրել են իրենց նախընտրական հեռուստաբանավեճը ABC News-ի ուղիղ եթերում։

Հարրիսը խոսել է «հնարավորությունների տնտեսություն» կառուցելու մասին: Խոստացել է օգնել երիտասարդ ընտանիքներին և փոքր բիզնեսին, լուծել բնակարանային խնդիրները։

«Այն ամենը, ինչ մենք (դեմոկրատները) արել ենք, Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը կարգի բերելն էր», — ասել է Հարիսը:

Թեկնածուները մի քանի անգամ միմյանց մեղադրել են ստելու մեջ։ Հարրիսն ասել է, որ հեռուստադիտողները Թրամփից կլսեն «շատ ստեր, դժգոհություններ և ածականներ»:

Թրամփը Քամալա Հարիսին անվանել է «մարքսիստ»՝ փորձելով նրա գործունեությունը  կապել հոր՝ Սթենֆորդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսորի աշխատանքի հետ։

«Եթե նա ընտրվի, ամեն ինչ կփոխի: Եվ սա կլինի մեր երկրի վերջը։ Նա մարքսիստ է, բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը մարքսիստ տնտեսագիտության պրոֆեսոր է, և լավ է սովորեցրել նրան»,- ասել է Թրամփը։

«Աշխարհի առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա. Ես խոսել եմ զինվորականների հետ, որոնցից ոմանք աշխատել են ձեզ հետ, և նրանք ասում են, որ դուք խայտառակություն եք», — ասել է Հարրիսը, դառնալով նախկին նախագահին:

Խոսելով ուկրաինական պատերազմի մասին՝ Թրամփն ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի, և ինքը կարող է հասնել դրան։

Նրա խոսքով՝ ինքը լավ է ճանաչում Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին, և նրանք հարգում են իրեն։

«ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները շատ երախտապարտ են, որ դուք այլևս նախագահ չեք»,- ասել է Հարիսը Թրամփին։ «Եթե Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիևում և կնայեր մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից»:

Թրամփը Հարիսին անվանել է  «պատմության մեջ ամենավատ փոխնախագահը» և մեղադրել, որ չկարողացավ կանխել պատերազմը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print