ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ կհեշտանա

Հայաստանը պատրաստվում է վավերացնել Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Միջազգային փաստաթղթի էությունն այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` նշելով, որ այն բխում է Հայաստանի որդեգրած բաց երկնքի ու համաշխարհային ավիացիոն շուկային ինտեգրվելու քաղաքականությունից։

Համաձայնագրի նպատակը ավիափոխադրողների շուկայի աստիճանական ազատականացումն է։

Տերտերյանի խոսքով՝ ընդհանուր ավացիոն գոտին թույլ կտա ընդլայնել օդային հաղորդակցությունը, զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը, այդ թվում` հենվելով շուկայում ավիաընկերությունների միջև ընդունված ոչ խտրական, մրցակցային, թափանցիկ և արդար մրցակցության վրա։

Կառավարությունն ակնկալում է, որ համաձայնագրի վավերացմամբ և կիրարկմամբ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ։

Անկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների ու ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման համար։

Համաձայնագրի վավերացման վերջնական փուլը տեղի կունենա ԱԺ առաջիկա լիագումար նիստում ընդունվելուց հետո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print