Հայաստանի ՄԻՊ-ի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։

Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:

Այսպես, Զեկույցի «Մարդու իրավունքների հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այն անդամ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Վերջիններիս շարքում, Բելգիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Լատվիայի, Մոլդովայի և Սլովակիայի հաստատությունների հետ միասին, մատնանշվել է նաև Հայաստանի ՄԻՊ հաստատությունը։

Ըստ զեկույցում տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում:

Այս համատեքստում հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը լուրջ մտահոգություն էր հայտնել և հայտարարություն հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, նրա ղեկավար կազմի և աշխատակազմի վերաբերյալ, ովքեր բախվել են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print