Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատի Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը նորից հաղթանակ է տարել:
Այս անգամ Արման Փաշիկյանի թիմը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Ֆիլիպինների նկատմամբ: Հավաքականի առաջին համար Հայկ Մարտիրոսյանն ուժեղ է եղել Խուլիո Կատալինո Սադորայից, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջոն Փոլ Գոմեսից: Գաբրիել Սարգսյանը 0,5 միավոր է վաստակել Պաուլո Բերսամինայի հետ պայքարում, իսկ Շանթ Սարգսյանը զիջել է մրցակցին:
Հայաստանի ընտրանին վաստակել է 10 միավոր ու լրացուցիչ ցուցանիշով բարձրացել 8-րդ հորիզոնական: Առաջին տեղում 12 միավորով Հնդկաստանն է:
Կանանց հավաքականն առաջին պարտությունն է կրել առաջատար Հնդկաստանից: Դիմակայությունն ավարտվել է 2,5:1,5 հաշվով: Ոչ-ոքիներ են գրանցել Լիլիթ Մկրտչյան-Հարիկա Դրոնավալի, Մարիամ Մկրտչյան-Ռամեշբաբու Վայշալի, Աննա Սարգսյան-Սաչդեւ Տանիա պարտիաներում: Հնդկաստանին հաղթանակ է բերել Դեշմուխ Դիվյան, որը հաղթել է Էլինա Դանիելյանին:
Հայ շախմատիստուհիները 10 միավորով 2-րդ հորիզոնականից նահանջել են 5-րդը:
7-րդ տուրում տղամարդիկ մրցելու են Անգլիայի հետ, իսկ կանայք՝ ԱՄՆ-ի: