Իրականացվում է բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգ. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի կողմից հաստատված Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի պլանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից, պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում: Մնացորդային նյութերի և ԳՁՕ-ների հայտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաև խոշոր արտադրողների մոտ։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

«Մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող փորձաքննությունները Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են ԵԱՏՄ-ում ընդունելի ստանդարտներով և մեթոդներով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։

Իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության՝ 1509-ը՝ պեստիցիդների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների և 19-ը՝ ԳՁՕ-ների մասով (խնձոր, դեղձ, ելակ, սալոր, խաղող կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ (մնացորդային նյութեր) և եգիպտացորեն (ԳՁՕ)): 

Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն մինչև տարվա վերջ:

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա,  անհամապատասխանություններ արձանագրած տնտեսությունների, ընկերությունների և անհամապատասխանություններով մթերքի նկատմամբ կիրականացվեն օրենքով սահմանված գործողություններ և կկիրառվեն պատասխանատվության միջոցներ: Կտարվեն նաև խորհրդատվական աշխատանքներ, կներկայացվեն ուղղիչ գործողություններ իրականացնելու առաջարկներ՝ հետագա խախտումները բացառելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print